ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի պահանջը` ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Դիմումի հիմքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության աղմկահարույց ձայնագրություններն էին՝ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ զրույցներից:
«Ելքի» ներկայացուցիչները պնդում են, որ վարչական ռեսուրսը ծառայեցվել է իշխանական կուսակցությանը: Ցուցակների կազմումը ԿԸՀ-ն չգնահատեց որպես հանրային ռեսուրսի չարաշահում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վարչական վարույթով առկա փաստական հանգամանքների համաձայն, հիմնազուրկ համարեց միայն մեկ կուսակցության օգտին ծառայեցնելու փաստարկը: